Պոմիդորի մշակության ագրոտեխնիկան

- Պոմիդորի մշակության ագրոտեխնիկան
Պոմիդորը /tomato/ բանջարային մշակաբույսերից ամենատարածվածն է: Դա բացատրվում է նրա մեջ պարունակվող մեծ քանակի վիտամիներով, շաքարներով, թթուներով և այլ հանքային աղերով: Օգտագործվում է թարմ և վերամշակված վիճակում:
Պոմիդորի նախորդները
Լավագույն նախորդներ են համարվում վաղահաս սպիտակագլուխ կաղամբը, ծաղկակաղամբը, դդմիկը, ընդեղենները: Թույլատրելի նախորդներ են հանդիսանում գլուխ սոխը, արմատապտուղները և ուշահաս կաղամբը:
Պոմիդորի մշակությունը
Եթե պոմիդորը մշակում են առանց ծածկոցներ օգտագործելու, ապա սածիլումը Արարատյան հարթավայրի գոտում պետք է կատարել ապրիլի 20-ից, գարնանային ուշ ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո, իսկ նախալեռնային գոտում` մայիսի 15-ից հետո: Պոմիդորի սածիլման համար պատրաստում են թմբեր և ակոսներ: Հնարավորության դեպքում, ավելի նպատակահարմար է սածիլներն աճեցնել տորֆաբուսահողային թաղարներում: Առավելությունը բարձր կպչողականությունն է, իսկ սածիլումից հետո աճի դադար տեղի չի ունենում, ստացվում է առավել բարձր ու վաղ բերք:
Պոմիդորի մշակության ժամանակ առուների (ակոսների) լայնությունը վերցվում է 70 սմ, իսկ խորությունը`15-20 սմ: Առուների երկարությունը պետք է ընտրել այնպես, որ ջուրը հավասար ու դանդաղ հոսի: Թմբերի լայնությունը կարելի է վերցնել 90 սմ և սածիլումը կատարել թմբի երկու կողմից: Միջբուսային տարածությունը վաղահաս սորտերի համար թողնել 20-25 սմ, իսկ միջահասներինը`մինչև 30 սմ: Թմբի մեկ կողմից սածիլման դեպքում միջշարային հեռավորությունը վերցնում են 70-80 սմ, միջբուսայինը` 25-30 սմ: Սածիլի պահանջը 1 հա-ի վրա վաղահաս սորտերի համար կազմում է 60000, իսկ միջահասների համար`50000 հատ:
Սածիլումը կատարում են նախօրոք ջրած և քեշի եկած հողում: Բացվում են փոսիկներ (բներ), դրանց մեջ լցնելով 200-300գ. տորֆ կամ բուսահող, 2-3գ սուպերֆոսֆատ: Սածիլումը կատարում են հով ժամերին: Սածիլման ավարտելուց հետո անմիջապես ջրում են թույլ շիթով, այնպես, որ ջուրը սածիլները չծածկի: Սածիլումից 3-4 օր հետո, չկպած սածիլների տեղը անհրաժեշտ է լրացնել, նորից ջրել, ապա հողը քեշի գալուց հետո կատարել առաջին փխրեցումը`5-6 սմ խորությամբ, 10-15 օր բույսերը չպետք է ջրել: Երբ սածիլները սկսեն կանոնավոր աճել և մգանալ, անհրաժեշտ է սնուցել և ջրել, որից 2-3 օր հետո հողի քեշի վիճակում կատարել խոր բուկլից: Հետագա ջրումները կատարվում են ըստ բույսի պահանջի: Արարատյան հարթավայրի պայմաններում, վեգետացիայի ամբողջ շրջանում պոմիդորը կարելի է ջրել 16-18 անգամ: Հետագա խնամքը`հողուրագով քաղհան- փխրեցումներն են և սնուցումները: Քաղհան -փխրեցումները 7-8 սմ-ից խոր չպետք է լինեն, որպեսզի չվնասվեն բույսի մազարմատները: Այս աշխատանքներով կազմակերպվում է պայքար մոլախոտերի դեմ և բարելավում հողի օդափոխությունն ու խոնավությունը:
Պոմիդորի պարարտացումը
Հանքային պարարտանյութերի չարաշահումը, մանավանդ ազոտականինը, իջեցնում է բանջարեղենի սննդարժեքը, նվազեցնում բերքը, ազդում պահպանության, վնասատուների ու հիվանդությունների նկատմամբ դիմացկունության վրա, բարձրացնում է նիտրատների քանակը, նվազեցնում`շաքարները: Վեգետացիայի սկզբում, վեգետատիվ զանգվածի կազմակերպման շրջանում համեմատաբար մեծ պահանջ է զգացվում ազոտական պարարտանյութերի: Ծաղկման շրջանում մեծ է ֆոսֆորական, իսկ պտղակազմակերպման շրջանում` կալիումական պարարտանյութերի դերը: Սնուցումների համար նպատակահարմար է օգտագործել թռչնաղբահեղուկ և գոմաղբահեղուկ:
Թռչնաղբահեղուկ պատրաստելու համար 1:1 հարաբերությամբ խառնում են չոր թռչնաղբ և ջուր: Մեկ շաբաթ խառնում են, ապա նոսրացնում 7-8 անգամ: Գոմաղբահեղուկ պատրաստելու համար 1 դույլ գոմաղբը լուծում են 6-7 դույլ ջրում, ապա օգտագործում:
Սածիլումից 10 օր հետո կատարվում է առաջին սնուցումը`1 բույսին 1 լ-ի հաշվով, շուրջ 15 օր հետո`երկրորդը, 10 լ ջրում լուծելով 10 գ կարբամիդ կամ 20 գ ամոնիակային սելիտրա, 10 գ կալիումական աղ, 40 գ հասարակ սուպերֆոսֆատ, այնպես, որ պարարտանյութի ընդհանուր քանակը 10 լ ջրում կազմի շուրջ 60-70 գրամ: Յուրաքանչյուր բույսին պետք է տալ 1 լ:
Պոմիդորի բույսի ձևավորումը
Նախալեռնային և լեռնային շրջաններում պոմիդորի թուփը ձևավորում են 2-3 ցողունով: Ամենաբերքատուն հիմնական ցողունն է, ապա փոխարինողը: Բճաշվերը հեռացվում են մատղաշ վիճակում: Պտղի հասունացումն արագացնելու համար կարելի է նաև կատարել ցողունների ծերատում, յուրաքանչյուրի վրա 4-5 պտղաողկույզ թողնելուց հետո:
Պոմիդորի հիվանդությունները և պայքարը նրանց դեմ
Իսկական ալրացողի դեմ պայքարելու համար բույսերը սրսկում են բայլետոնի 0.05 % պատրաստուկով (3-5գ`10լ ջրում): Բակտերիալ սև և գորշ բծավորության դեմ կարելիմ է պայքարել կուպրոզանի 0.4 % (4գ 10լ ջրում), բորդոյան հեղուկի 0.4-0.5 %, ցինեբի 0.3-0.4 % պատրաստուկներով, ինչպես նաև սերմերի ախտահանումով և բուսական մնացորդների հեռացմամբ:
Մոխրագույն փտման և բակտերիոզի դեմ պայքարում են բորդոյան հեղուկի 0.3-0.5 % , կուպրոզանի 0.4 % (4 գ 10լ ջրում) և ցինեբի 0.5% պատրաստուկներով: Անհրաժեշտ է նաև հեռացնել վարակված պտուղները, հիվանդության նշանները երևալուց, խուսափել առատ և հաճախակի ջրումներից: Մոզաիկայի, ստրիկ գանգրոտության դեմ կիրառվում է սերմերի ախտահանում, գույքի և գործիքների վարակազերծում կալիում պերմանգանատի լուծույթով, ջերմային և խոնավության ռեժիմի կարգավորում:
Սև ոտիկ հիվանդության դեմ անհրաժեշտ է հողի վերին շերտը ջրել ՏՄՏԴ-ի 0.3 % (30 գ`10լ ջրում), բորդոյան հեղուկի 0.5 և պղնձարջասպի 0.25 % պատրաստուկներով: Պետք է խուսափել խոր ցանքից, կատարել չափավոր ջրումներ, հիվանդ սածիլներն անմիջապես հեռացնել, խուսափել միակողմանի ազոտական պարարտացումից: Արմատային փտախտի դեմ պայքարելիս պետք է հիշել, որ հիվանդությանը նպաստում են ցածր ագրոտեխնիկան, առատ և սառը ջրով ջրումները, հողում աղերի բարձր քանակությունը: Թառամման դեմ պայքարի միջոցներն ուղղված են բույսերի աճի և զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Գագաթնային փտումը կանխելու նպատակով անհրաժեշտ է կարգավորել ջերմությունն և խոնավությունը, ապահովել օդափոխումը, հեռացնել հիվանդ պտուղները և բուսական մնացորդները: Պոմիդորի ստոլբուր վիրուսային հիվանդության դեմ պայքարելու համար հեռացվում են պատատուկ և այլ մոլախոտերը, քանի որ դրանց վրա է հավաքվում հիվանդությունը, միաժամանակ պայքարելով հիվանդությունը փոխանցող ցիկադների դեմ (կարբոֆոս 0.15%, էկամետ 0.15%): Տերևների բրոնզայնություն հիվանդությունը տարածվում է թրիպսի միջոցով: Պետք է դաշտը մաքուր պահել մոլախոտերից և պայքարել թրիպսների դեմ (կարբոֆոս 0.15 %):
Պոմիդորի վնասատուները և պայքարը նրանց դեմ
Սովորական ոստայնատիզ- պայքարել ակրեքսի 0.05 – 0.15 %(5-15 մլ`10լ ջրում), իզոֆենի 0.1-0.2 %, կելտանի 0.1-0.2 %, թեդիոնի 0.15-0.2 % պատրաստուկներով: Տարածված են նաև սպիտակաթևիկ, բոստանային և դեղձենու լվիճներ, թրիպս, ժանգատիզ վնասատուները, որոնց դեմ պայքարի համար արդյունավետ են ակտելիկ 0.1-0.15 %, ամբուշ 0.1-0.15 %, ցինբուշ 0.02-0.03 %(2-3 մլ`10լ ջրում), կարբոֆոս 0.1-0.15 %, կելտան 0.1-0.15 % պատրաստուկները: Տարածված են նաև սովորական արջուկ, ճռիկ, հողաբնակ բվիկ և լարաթրթուր վնասատուները, որոնց դեմ արդյունավետ են մետաֆոսի (5-6 գր.մ2 - ի հաշվով համակցված կերի 1:20 հարաբերությամբ), վոֆատոքսի և համակցված կերի 1:20 հարաբերությամբ գրավչանյութերը:
Պոմիդորի բերքահավաքը
Բերքահավաքը պետք է կատարել ժամանակին: Հավաքված պտուղները անմիջապես տեսակավորվում են: Առողջ պտուղները կարելի է պահպանել մինչև 2 ամիս: Պահպանման համար պտուղները դասավորում են փոքր արկղերում` պտղակոթունները դեպի վեր: Կարելի է պտուղները փաթաթել թղթի մեջ և պահպանել 120 C-ում:
Շիրակի ԳԱՄԿ
1.Լոլիկը նվազեցնում է թրոմբոզի, ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը
2.Լոլիկի հիվանդությունները և պայքարի միջոցառումները
Պոմիդորի մշակության ագրոտեխնիկան PDF
Ցանքաշրջանառությունը - բարձր բերքի երաշխիք>>
Բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության տեխնոլոգիան՚՚
Պոմիդորի մշակության ագրոտեխնիկան>>
Բադրիջանի մշակության ագրոտեխնիկան>>
Ձմերուկի մշակության տեխնոլոգիան>>
Տաքդեղի մշակության ագրոտեխնիկան>>
Սխտորի մշակության տեխնոլոգիան>>
Բողկի (տարեկան) և ամսաբողկի մշակության տեխնոլոգիան>>
Կանաչեղենի մշակության տեխնոլոգիան>>
Վարունգի մշակության ագրոտեխնիկան
Սոխի մշակության ագրոտեխնիկան>>
Դդումի մշակության տեխնոլոգիան>>
Բամիայի մշակության տեխնոլոգիան>>
Հացհամեմի մշակության տեխնոլոգիան>>
հետ դեպի բուսաբուծություն բաժին>>
հետ դեպի անասնաբուծություն բաժին>>
հետ դեպի ագրովերամշակում բաժին>>
հետ դեպի օրգանական գյուղատնտեսություն բաժին>>



