Հավասարակշռված էկոհամակարգը և միջատների կյանքը

Միջատները երկրի կենդանի էակների բարդ և փոխկապակցված աշխարհի մի մասն են։ Բիոինտենսիվ մեթոդը հասկանալի է դարձնում, որ ամեն անգամ, երբ մարդն այս կամ այն կերպ խառնվում է միջատների կյանքին, նա խառնվում է կյանքի մի ամբողջ համակարգի և երբ փորձում է իշխել միջատների կյանքի վրա և ոչ թե գտնվել դրանց հետ ներդաշնակ իրավիճակում, ապա նա ոչնչացնում է համակարգի մի մասը, որտեղ մեծ նշանակություն ունի միջատներր, քանի որ դրանք փոշոտում են շատ բանջարեղեններ, պտղատուներ, ծաղիկներ, խոտեր, թելատու, դեղատու, յուղատու և այլ բույսեր։ Այնուամենայիվ, եթե միջատների քանակը չափազանց շատ է այգում, ապա առաջ է գալիս անհավասարակշռություն և անպայման պետք է ուշադրություն դարձնել դրա առաջացման պատճառի վրա։ Այգու կամ փոքր գյուղացիական տնտեսությունների էկոհամակարգում շատ կարևոր է կյանքի բոլոր ձևերի առկայությունը։ Մրջյունները այգին մաքրում են սատկած միջատների նեխող դիակներից։ Ականջմտուկները մսակեր են և որսում են այլ միջատների։ Դոդոշները սնվում են ականջմտուկներով, կակղամորթերով և այլ վնասատու միջատներով։

Բնության մեջ միջատների դեմ պայքարի առաջին օղակը համարվում է առողջ հողում առողջ բույսեր աճեցնելը, քանի որ սովորաբար միջատները հարձակվում են հիվանդ բույսերի վրա։ Երբեմն հիվանդության պատճառ են հանդիսանում ոչ թե միջատները, այլ անառողջ հողը։

Կարևոր է հաշվի առնել հետևյալը.

•   Արդյո՞ք ճիշտ է փորված հողը։

•   Արդյո՞ք հողում առկա են տվյալ բույսի համար անհրաժեշտ սննդարար նյութեր։

•   Արդյո՞ք կոմպոստը ներմուծված է անհրաժեշտ քանակությամբ։

•   Արդյո՞ք հողի pH գտնվում է բույսերի համար անհրաժեշտ սահմաններում։

•   Արդյո՞ք ճիշտ է կատարված սածիլումը։

•   Արդյո՞ք ճիշտ է իրականացվում բույսերի ջրումը։

•   Արդյո՞ք արդյունավետ է իրականացվող քաղհանը։

•   Արդյո՞ք հողը մշակվում է այնպես, որ պահպանվեն դրա խոնավությունը և սննդարար նյութերը։

•   Արդյո՞ք բույսերը ստանում են իրենց համար անհրաժեշտ բավականաչափ ջերմություն և լույս։

•      Արդյո՞ք բույսերն աճեցվում են իրենց համար բարենպաստ շրջանում և համապատասխան եղանակային պայմաններում։

Բույսերի լավ վիճակը ապահովելու, միջատների քանակը նվազագույնի հասցնելու և հիվանդությունների առաջացման հնարավորությունը կրճատելու մեկ այլ եղանակ է հողում ֆոսֆորի և ածխաթթվային կափումի ճիշտ քանակի ապահովումը ազոտի նկատմամբ։ Այգու և բանջարանոցի կյանքի ճիշտ կազմակերպումը կարող է լուծել շատ բարդություններ, որոնք առաջ են գալիս միջատների և հիվանդությունների պատճառով։

•  Օգտագործեք ձեր տարածաշրջանի բնակլիմայական պայմաններում և ձեր հողում լավ
աճող սերմեր։

•      Աճեցրեք ցանկացած եղանակին դիմակայող, միջատների և հիվանդությունների հանդեպ դիմացկուն բուսատեսակներ։ Խուսափեք նոր, անհայտ տեսակներ, հատկապես հիբրիդներ աճեցնելուց (անկախ դրանց բարձր բերքատվությունից, հիվանդությունների նկատմամբ դիմացկունությունից և այլն), քանի որ որոշ հիբրիդներ օժտված են ավելի ցածր սննդարար արժեքով և հողից սննդարար նյութերը կլանում են ավելի արագ, քան հողում եղած մանրէները ստեղծում են դրանք։

•      Բույսերն աճեցրեք համատեղ, օրինակ՝ բանջարեղենները և ծաղիկները միացյալ աճեցնելիս դրանք օգնում են միմյանց։

 •   Խորհուրդ չի տրվում ամեն տարի նույն մարգում ցանել միևնույն մշակաբույսը, քանի որ դա մեծացնում է բույսերի հիվանդանալու հավանականությունը։

•   Մշակաբույսերը ցանեք հաջորդական կարգով։ Մեծ քանակությամբ սննդարար նյութեր պահանջող բույսերի ետևից տնկեք հակառակը՝ հողին սննդարար նյութեր տվող բույսեր, իսկ այնուհետև բույսեր, որոնք անտարբեր են հողի բերրիության նկատմամբ։

Նյութը տրամադրել է՝  Ն. Սարուխանյանը Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ

Ինչ է օրգանական գյուղատնտեսությունը

Հավասարակշռված էկոհամակարգը և միջատների կյանքը

Օրգանական արտադրության սերտիֆիկացման պահանջները

հետ դեպի գյուղատնտեսություն բաժին

հետ դեպի անասնաբուծություն բաժին

հետ դեպի բուսաբուծություն բաժին

հետ դեպի օրգանական գյուղատնտեսություն բաժին