< Նախորդ հոդվածը
01.01.2010 Կատեգորիա ԳՅՈՒՂԱՇԽԱՐՀ Ամսաթերթ (Շիրակի ԳԱՄԿ)

Գյուղատնտեսական մատղաշ կենդանիների հիվանդությունները



Գյուղատնտեսական մատղաշ կենդանիների  հիվանդությունները վաղ հասակում հաճախ լինում են թերզարգացվածության /հիպոտրոֆիա/ արդյունք, որոնց պատճառը ներարգանդային շրջանում անհրաժեշտ պայմանների բացակայությունն է:
Հղիության շրջանում մայրերի ճիշտ պահվածքը, լիարժեք կերակրումը և խնամքը  բացառիկ կարևոր նշանակություն ունեն պտղի զարգացման և աճման ընթացքի համար:
Դրանք նշանակալից չափով որոշում են նորածնի և մատղաշի կենսունակությունը, ինչպես նաև նրանց դիմացկունությունը արտաքին աշխարհի ախտածին գործոնների նկատմամբ:
Հետևաբար, մատղաշների հիվանդությունների կանխարգելումը պետք է սկսել պտղի ներարգանդային աճի զարգացման ընթացքում:
Մատղաշի վաղ շրջանի հիվանդությունների երկրորդ առանձնահատկությունը այն է, որ երիտասարդ օրգանիզմն անցնում է կենսաբանական ֆունկցիաների վերականգնման շրջանը: Այդ շրջանում, արտաքին աշխարհի անբարենպաստ պայմանների հետևանքով ախտաբանական փոփոխությունները համեմատաբար ավելի հեշտ են առաջանում, քան հասակավորների մոտ:
Մատղաշի անկման պատճառ են հանդիսանում ստամոքսաաղիքային համակարգի, շնչառական ուղիների ոչ վարակիչ և վարակիչ հիվանդությունները, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումները:
Ոչ վարակիչ հիվանդությունները վարակիչ հիվանդություններից տարբերելը  հեշտ չէ, իսկ երբեմն էլ անհնարին է, քանի որ որոշ հիվանդությունների կլինիկական նշանները և ախտաբանաանատոմիական փոփոխությունները լինում են միանման: Բացի դրանից, այն մանրեները, որոնք առաջացնում են կենդանիների մի շարք վարակիչ հիվանդություններ,կարող են հայտնաբերվել նաև ոչ վարակիչ հիվանդությունների ժամանակ և նույնիսկ առողջ օրգանիզմում: Այդ մանրեները, գտնվելով առողջ կենդանիների օրգանիզմում, կարող են ոչ վարակիչ հիվանդությունը վերածել վարակիչ հիվանդության, ուստի և ախտորոշելու համար հարկավոր է դիմել մանրեաբանական հետազոտությունների և տնտեսությունից տվյալներ հավաքել նման հիվանդությունների վերաբերյալ:
Չնայած ոչ վարակիչ հիվանդությունները մի օրգանիզմից մյուսին չեն անցնում, այնուամենայնիվ, կարող են կրել մասսայական բնույթ, մանավանդ, երբ հիվանդության պատճառները կերերն են, կամ խնամքի և պահվածքի վատ պայմանները:
Մատղաշի վարակիչ հիվանդություններից առավել տարածված և մեծ տնտեսական վնաս են պատճառում սալմոնելյոզը և կոլիբակտերիոզը:
Ոչ վարակիչ հիվանդությունների էթիոլոգիան բազմաբնույթ  է և արտահայտվում է տարբեր ձևերով, սակայն նրանց կարելի է բաժանել  խմբերի:
1. Շնչառական բնույթի հիվանդություններ.
- բրոնխիտներ
2. Ստամոքսաաղիքային համակարգի հիվանդություններ.
- դիսպեպսիա
- գաստրոէնտերիտներ
- հորթերի պարբերական փքանք
- բեզոարային հիվանդություն
- խոճկորների թունավոր հեպատոդիստրոֆիա
3. Ոչ լիարժեք կերակրման հետևանքով առաջացող հիվանդություններ
/նյութափոխանակության խանգարման հիվանդություններ/
- հիպովիտամինոզներ
- ռախիտ
- խոճկորների ալիմենտար անէմիա /սակավարյունություն/
- մատղաշների սպիտակ մկանային հիվանդություն
- խոճկորների այտուցային հիվանդություն
- էնզոտիկ ատաքսիա
- խոճկորների հիպոգլիկէմիա
- խոճկորների պարակերատոզ
- մատղաշների էնդեմիկ հիվանդություն
Մատղաշի հիվանդությունների դեմ մղվող պայքարում ամենագլխավորըª օրգանիզմի պաշտպանական ուժերի բարձրացումն է, որին կարելի է հասնել հղի կենդանիներին, ինչպես նաև մատղաշին լավ կերակրելու, խնամքի պայմանները բարելավելու, օրվա ռեժիմը պահպանելու և ամենօրյա զբոսանք կազմակերպելու միջոցով, իսկ արոտային շրջանում մատղաշների հիվանդություններից զերծ պահելու կարևոր միջոցառումըª նրանց բացօդյա աճեցումն է:

Ա. Մանասյան
Հայաստանի Պետական Ագրարային Համալսարան



To top